Պաշտպանության բանակն Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու գործողություններից որոշ մանրամասներ է հայտնել ու նշել զինծառաողների անունները, որոնք մեդալների են ներկայացվել։
Շարքային Կարեն Ալեքսանյանը կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար:
Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը՝ 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար:
Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժի 1 տանկ խոցելու համար:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել է, որ հոկտեմբերի 2-ին պաշտպանության բանակի մարտական դիրքի վրա հակառակորդի մեծաքանակ ուժերի հարձակման ընթացքում մայոր Արամայիս Վիրաբի Թևանյանը խոցել է հակառակորդի 10-ից ավելի զրահատեխնիկա։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։