ԱԱԾ-ն ռազմական դրության մասին օրենքով իրեն վերապահված լիազորություններով բացատրություն է ստացել Արտյոմ Խաչատրյանից, որն իր հիմնադրած Shame.am կայքում չփաստարկված կարծիքները ներկայացրել է որպես ճշմարտություն։
Մասնավորապես, Խաչատրյանը հոկտեմբերի 5-ին հրապարակել է «Հայաստանի անվտանգության երաշխավորը դնում է Փաշինյան Նիկոլի հեռացման հարցը» վերտառությամբ հոդվածը, որտեղ՝ անտեսելով ռազմական դրության ժամանակ առկա սահմանափակումները, իր ենթադրությունները, միակողմանի չփաստարկված կարծիքները կամ սուտ տեղեկությունները մատուցել է հանրությանը որպես «ճշմարտություն»։
Նա կտրականապես հրաժարվել է հրապարակված հոդվածում առկա տեղեկատվությունը հաստատելուց՝ նշելով, որ դրանք զուտ իր ենթադրություններն ու սեփական վերլուծություններն են, ինչի կապակցությամբ որևէ փաստ կամ ապացույցներ չի կարող ներկայացնել: Միաժամանակ, Խաչատրյանը նշել է, որ հոդվածում առկա տեղեկատվությունը հրապարակելիս օգտվել է օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված հրապարակումից, որին ավելացրել է նաև իր վերլուծություններն ու մտքերը:
Նշվում է, որ ուսումնասիրվել են նաև Խաչատրյանի կողմից վկայակոչված օտարերկրյա հրապարակումները, պարզվել է, որ դրանք վերարտադրվել են խեղաթյուրված բովանդակությամբ:
ԱԱԾ-ն զգուշացրել է, որ խոսքի ազատության անվան տակ հանրությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելի գործելաոճ ունեցողների նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության համարժեք միջոցներ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):