18 փետրվարի 2009 - 11:22 AMT
Լեհաստանը ողջունում է Հայաստանի ձեռնարկած միջոցներն` ուղղված Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը
Վարշավայում ընթացող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցի շրջանակներում նրան ընդունել է Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին: Վկայակոչելով հայ-լեհական ընդհանությունները, նախագահ Կաչինսկին ասաց, որ երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը գալիս է դարերի խորքից եւ դա լավ հիմք է հանդիսանում երկու պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նախագահ Կաչինսկին ու նախարար Նալբանդյանը քննարկեցին Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրները: Էդվարդ Նալբանդյանը Լեխ Կաչինսկուն ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս ենթատեքստում նախագահ Կաչինսկին ողջունեց հարաբերությունների կարգավորման նպատակով Հայաստանի նախաձեռնած քայլերը: Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով 2008թ. օգոստոսին Հարավային Օսեթիայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Վրաստանից Լեհաստանի քաղաքացիների հայրենիք վերադարձի հարցում աջակցության համար:

Լեհաստան պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի հուշարձանին: