Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագրային բազա կա, որը հաստատում է, որ եթե ՀՀ տարածքն անմիջական սպառնալիքի տակ է, ՌԴ-ն պիտի կատարի որոշակի անվտանգային պարտավորություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը` BBC-ին հարցազրույցում պատասխանելով հարցին` արդյոք ՌԴ-ն ռազմական օգնություն կցուցաբերի ՀՀ-ի վրա հարձակման դեպքում։
Լրագրողը ճշտող հարց է տվել` արդյոք Պուտինը վերահաստատել է դա վերջին զրույցներում։
Փաշինյանն ասել է՝ հարցին կպատասխանի քաղաքականապես` ՌԴ-ն հավաստիացրել է, որ կկատարի պարտավորությունները, որոնք սահմանված են պայմանագրերում:
«Պուտինը ձեզ դա ասե՞լ է», - կրկին հարցրել է լրագրողը։
«Այո», - պատասխանել է Փաշինյանը։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։