7 հոկտեմբերի 2020 - 18:28 AMT
Ալիևը խոսել է բանակցություններից՝ նախապայման դնելով ՀՀ ու միջնորդների առաջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պատերազմական գործողությունների ավարտից հետո պետք է մասնակցեն Ռուսաստանը և Թուրքիան։ Այդ մասին նա ասել է ռուսական Առաջին ալիքին հարցազրույցում, որը հեռարձակվել է «Վրեմյա պոկաժետ» ծրագրի եթերում։

Ալիևն ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ավարտից հետո մտադիր է վերադառնալ բանակցային սեղանի մոտ։

«Մենք կարծում ենք, որ քաղաքական կարգավորում կլինի, բայց դա պետք է կարգավորում լինի։ Մենք չենք կարող ևս 30 տարի սպասել, թե երբ ՀՀ վրա համապատասխան ազդեցություն կգործադրվի»,- ասել է նա։

Ալիևը նաև ասել է, որ քաղաքական կարգավորումը պետք է ամրագրվի առաջատար երկրների երաշխիքներով, որոնց կազմը կարող է չսահմանափակվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներով՝ ՌԴ-ով, Ֆրանսիայով և ԱՄՆ-ով։

«Այսօր գործակցությունը մեծ տերություն Ռուսաստանի և մեծ տերություն Թուրքիայի միջև, որը ՆԱՏՕ-ի անդամ է, շատ ավելի ամուր և արդյունավետ է, քան Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ ցանկացած այլ երկրի, որտեղ մշտապես ինչ-որ բաներում են մեղադրում Թուրքիային»,-ասել է Ալիևը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին միանգամայն այլ աշխահաքաղաքական իրողություններում։

«Դա ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած ժամանակն էր, և, ճիշտն ասած, ես չեմ հասկանում, թե ինչի հիման վրա էր ստեղծվել այդ խումբը»,- ասել է նա։

Ալիևն ասել է նաև, որ հակամարտության կարգավորումից հետո «ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնա Լեռնային Ղարաբաղ, և հայերն ու ադրբեջանցիները միասին են ապրելու»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։