9 հոկտեմբերի 2020 - 11:05 AMT
Օգոստոս-սեպտեմբերին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մոտ $1 մլն-ի փրկարարական սարքավորումներ է գնել

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստացրել է անվտանգության միջոցներն ու գրեթե 1 մլն դոլարի փրկարար սարքավորումներ գնել, գրում է Octagon.Media-ն։

2020-ի օգոստոս-սեպտեմբերին ԱՄՆ դեսպանատունն ավելի քան 937,000 դոլարի գնումներ է կատարել։ Առաջին հերթին, օգոստոսին պատվիրվել են ձեռքի փրկարար և նորոգման աշխատանքների համար նախատեսված գործիքներ՝ մոտ $47,000-ի։ Մեկ ամիս անց պայմանագիր է կնքվել մեկ այլ ընկերության հետ՝ $51,000-ի գործիքների գնման համար։

Դեսպանատունը նաև զննիչ սարքաորումներ, ազդանշանային անթև բաճկոններ և մահակներ է պատվիրել, ինչպես նաև ճանապարհին փռելու փշալար, օդի աղտոտման գրանցման սարքեր, մանեկեն մարզասարքեր և բժշկական սարքավորումներ, անվտանգության համակարգեր և հավաքված թվային տվյալների փորձաքննության սարքավորումներ։

Սեպտեմբերի վերջին դեսպանությունը ևս մի քանի խոշոր պատվեր է կատարել՝ պահնորդների $325,000 արժողությամբ գոտիներ և Glock-19 ատրճանակների համար նախատեսված աքսեսուարներ՝ ավելի քան $100,000-ի։

Նման «պաշտպանական» ակտիվությունը գրանցվել է հենց 2020-ի օգոստոսին։ 2015-2019թթ․ արտակարգ իրավիճակների համար նախատեսված սարքավորումներ չեն գնվել։ Սեպտեմբերին նաև երկարացվել են բժշկական ապահովագրությունները, մատակարարումներ են եղել բժշկական գծով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։