9 հոկտեմբերի 2020 - 14:20 AMT
ՌԴ-ում խորհրդակցություններից առաջ Մնացականյանը զրուցել է Արցախի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի լույս 9-ի գիշերը զրուցել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը։ Նրանք նաև քննարկել են հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունները։

Մնացականյանը գործընկերոջը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հոկտեմբերի 8-ին ունեցած իր զրույցների, Ռուսաստանի նախագահի` Մոսկվայում խորհրդակցությունների անցկացման առաջարկության մասին։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների օրակարգի, ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերի շուրջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: Օրակարգում են բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերը։

Հոկտեմբերի 9-ին՝ կեսգիշերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերի արտգործնախարարներին հրավիրել էր ՌԴ՝ այդ հարցերով խորհրդակցությունների։