Տաշիրի տարածաշրջանի Կաթնառատ գյուղում իրականացված համաճարակաբանական հետազոտության և բակային համայցի ընթացքում հայտնաբերվել է աղիքային հիվանդության ևս 28 նոր դեպք:
Ընդհանուր դեպքերի թիվը 73 է, որից 64-ը հոսպիտալացված են, մնացած 9-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ներկայումս գյուղում ջրամատակարարումը դադարեցված է, բնակչության համար ջուրը բերվում է ցիստերներով` մինչև համակարգի ամբողջական մաքրման և ախտահանման աշխատանքների ավարտը:
Մանրէաբանական հետազոտության նպատակով վերցված ջրի 12 նմուշից 7-ում հայտնաբերվել է շեղում, պացիենտներից վերցված 64 նմուշից 10-ում հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մակերեսային աղբյուրը փակվել է, իրականացվել են բաց ջրատարի ջրի մաքրման և ախտահանման աշխատանքներ: