Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Հոկտեմբերի լույս 12-ի գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հակառակորդը ակտիվություն է դրսևորել հատկապես հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը իր օգտին փոփոխության ենթարկելու թշնամական ուժերի բոլոր փորձերը կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը ունի մարդկային ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։