12 հոկտեմբերի 2020 - 12:39 AMT
Չարնի․ Իսրայելն անօդաչու սարք կվաճառե՞ր Հիտլերին

Հրեա հոգեբան, սոցիոլոգ և պատմաբան, ցեղասպանության ճանաչված մասնագետ, պրոֆեսոր Իսրայել Չարնին գրում է, որ ամաչում է Իսրայելի՝ Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք մատակարարելու համար։ Նա հռետորական հարց է բարձրացնում՝ եթե նացիստները հրեաներին չսպանեին, այլ միայն, օրինակ, սլավոններին, գնչուներին և Եհովայի վկաներին, Իսրայել պետությունը կհամաձայնե՞ր նացիստներին զենք վաճառել։

Նրա խոսքով՝ Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք է մատակարարում այնպիսի կառավարությունների, որոնց զոհը դառնում են ժողովուրդները։ Չարնին նշում է, որ հայտնի է դարձել ԼՂ պատերազմի ընթացքում ադրբեջանական տրանսպորտային ինքնաթիռների Իսրայել ժամանելու մասին՝ հավանաբար հենց զենք տանելու համար։

Գիտնականը նաև անդրադառնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը, որը վիրավորում է հայ ժողովրդին:

«Մենք կհանդուրժե՞նք արդյոք, օրինակ, ԱՄՆ-ին կամ Անգլիային, որոնց ոճրագործ կառավարություններն իրենց քաղաքական շահերի համար կհրաժարվեն ճանաչել Հոլոքոստը»,- նշում է նա։

Չարնին հայտնում է, որ հայ բարձրաստիճան մի պաշտոնյա իրենց հետ զրույցում խոր ցավ և վրդովմունք է հայտնել ոչ միայն իսրայելական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության թուլամորթ ու էգոիստական ժխտման առիթով, այլև թյուրքական ծագման ադրբեջանցիների հետ ռազմաքաղաքական դաշինքի հետ կապված, որոնք համառորեն հավատարիմ են պատմությունը վերաշարադրելու և Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի ֆաշիստական ​քաղաքականությանը։

«Իմ հայ գործընկերներին և ընկերներին միայն կարող եմ ասել, որ, որպես հրեա և որպես իսրայելցի, ես ընկճված եմ և զայրացած»,- եզրափակել է նա «Իսրայելը անօդաչու սարք կվաճառե՞ր Հիտլերին» վերնագրով իր գրառումը:

Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Բացի ԱԹՍ-ներից, Իսրայելը Ադրբեջանին մատակարարում է նաև այլ զենքեր, այդ թվում` LORA հրթիռային համակարգեր` օպերատիվ-մարտավարական հրթիռներով։

Միայն 2012 թվականին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն Իսրայելի հետ $1.6 մլրդ-ի զենքի գնման պայամանգիր է կնքել: