12 հոկտեմբերի 2020 - 17:34 AMT
Սիրիացի վարձկաններ․ Ադրբեջանի բանակը թաքնվում է մեր թիկունքում, ուզում ենք Իրան փախչել

Ադրբեջանական բանակը թաքնվում է վարձկանների թիկունքում, իսկ վիրավոր վարձկաններին տուն չեն ճանապարհում, թողնում են մահանան, որ չվճարեն, այս մասին պարզ է դարձել Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մեջ ներգրավված երկու վարձկանի հեռախոսազրույցից։

Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հրապարակել է նրանց հեռախոսազրույցի թարգմանությունը՝ նշելով, որ այն կրկին ապացուցում է՝ սիրիացի վարձկանները կռվում են Ադրբեջանի բանակում։

Վարձկաններից մեկն ասել է, թե վճարելու համար իրենցից պահանջում են լուսանկարել հայերի դիակները։ Մյուսը պնդել է՝ ադրբեջանցիներն իրենց նահանջող զինվորներին կրակում են թիկունքից՝ պահանջելով առաջ գնալ։

Սիրիացի վարձկանը հայտնել է՝ փոշմանել է, որ եկել է Արբեջանում կռվելու և պատրաստվում է Իրան փախչել։

Վարձկաններն իրար հայտնել են նաև, որ ադրբեջանցի հրետանավորները հրահանգ ունեն ավելի ուշադիր կրակելու և պատահաբար չհարվածելու Իրանի տարածքին։

Ադրբեջանի բանակում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավման փաստը հայտնի է հենց պատերազմի սկզբից։ Այդ մասին հայտնել են նաև միջազգային լրատվամիջոցներն ու աշխարհի մի շարք երկրների պաշտոնատար անձինք։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն զգուշացրել էր, որ կարճաժամկետ կտրվածքով ահաբեկիչները սպառնում են Արցախին, երկարաժամկետով՝ ողջ տարածաշրջանին։ Արցախից ՀՀ-ին, Իրանին, ՌԴ-ին կոչ էին արել Հակաահաբեկչական կոալիցիա ստեղծել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։