12 հոկտեմբերի 2020 - 16:45 AMT
ՌԴ դեսպան․ Փաշինյանի հետ խաղաղապահների հարց չի քննարկվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում հավատարմագրված դեսպանների հանդիպմանը Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարց չի քննարկվել: Այդ մասին հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Վարչապետի հետ հանդիպմանն այսօր դրա մասին խոսք չի եղել», - ասել է նա, գրում է Aysor.am-ը:

ՌԴ դեսպանը նշել է, որ Փաշինյանն իր գնահատականներն է ներկայացրել ընթացող իրադարձությունների վերաբերյալ, երախտագիտություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը գործի: Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում բախումները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ», - ասել է Կոպիրկինը։

Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, այդ թվում՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Հանուն հանրապետության», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Հոկտեմբերի 12-ին, ադրբեջանական զինուժը՝ անտեսելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, առաջնագծի տարբեր ուղղություններով կրկին անցել է նախահարձակ գործողությունների: Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են:Ադրբեջանը, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք, իսկ Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և թիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկել՝ սպանելով մորն ու նրա հաշմանդամ որդուն, ինչպես նաև 2 այլ քաղաքացիական անձի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։