13 հոկտեմբերի 2020 - 14:47 AMT
Վարձկանների 300-հոգանոց ջոկատը հրաժարվել է Ադրբեջան մեկնել

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված սիրիացի վարձկաններն արդեն սկսել են բողոքել մարտերի թեժությունից և հրաժարվում են Լեռնային Ղարաբաղ գալ, իսկ նրանց դիակները թաղվում են գաղտնի ու գիշերով, նման տեղեկություններ են հայտնում Telegram ալիքներն ու սիրիական թերթերը։

«Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300-հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել, փոխանցում է Rybar տելեգրամ-ալիքը՝ իր աղբյուրին հղումով։

Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները դադարել են վարձկաններ ուղարկել Տրիպոլի՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով Ադրբեջանի վրա։ Սակայն հետ վերադարձած խումբը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ գնալ՝ կատաղի մարտերի պատճառով։

Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկաններին թաղում են եղբայրական գերեզմաններում՝ լիակատար գաղտնիության պայմաններում, գիշերները։ Նրանց վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունեն միայն մտերիմները։

Սիրիական աղբյուրները գրում են, որ Հալեպի մատույցներում «Սիրիական ազգային բանակի» մոտ 40 վարձկանի մարմին է տեղափոխվել։ Հրապարակվել է նաև խմբային թաղման համապատասխան տեսանյութը։

Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մոտ 300 վարձկան Թուրքիայից պահանջել է հետ տանել իրենց Սիրիա․ նրանց չի բավարարում այն, որ մարտերից հետո վերականգնվելու հնարավորություն չի տրվում։

Մարդու իրավունքների պաշտպան Եղիսաբեթ Ցուրկովը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է սիրիացի երկու վարձկանի նկար՝ նշելով, որ նրանք սպանվել են Ադրբեջանում։ Ըստ Ցուրկովի՝ երկու վարձկանի ու իրենց ևս 50 զինակցի մարմին է հետ տեղափոխվում։

Հոկտեմբերի 12-ին հայկական կողմը հրապարակել էր Ադրբեջանում կռվող երկու վարձկանի խոսակցություն, որոնք նշում էին, թե ծանր մարտեր են ընթանում, իսկ ադրբեջանցիներն իրենց պատերազմի առաջին պլան են մղում։ Վարձկանները պատմել էին, թե իրենց վիրավոր զինակիցներին թողնում են, որ մեռնեն՝ չվճարելու համար։ Նրանք նաև ցանկություն էին հայտնել տեղափոխվել Իրան։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։