13 հոկտեմբերի 2020 - 18:41 AMT
Պոնտոսի հույները $100,000 են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին

Հույները $100,000 են փոխանցել «Հայաստան» հիմնադրամին՝ Արցախին աջակցելու համար։

«Հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Այս վճռական պահին, Պոնտոսի հույները նույնպես մեր կողքին են: Միանալով համահայկական շարժմանը՝ նրանք Հիմնադրամին են նվիրաբերել 100,000 դոլար»,- ասվում է Հիմնադրամի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Anonymous Greece-ի հույն ցանցահենները կոտրել են ադրբեջանցիների ստեղծած կեղծ կայքը, որի նպատակն էր հափշտակել աշխարհի հայերի կողմից Արցախի համար հավաքագրվող ֆինանսական միջոցները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):