14 հոկտեմբերի 2020 - 18:15 AMT
ՀՀ-ում ԱԹՍ-ի հարվածից 14 տարեկան երեխա է տուժել․ Վիճակը ծանր է

Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր»,- գրել է նա։

Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել էր նաև Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։