19 փետրվարի 2009 - 17:02 AMT
Փետրվարի 19-ը Հայաստանում հայտարարված է Գրքի ընծայման օր
Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակի տոնման օրը Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ հայտարարվել է «Գրքի ընծայման օր»: Ակցիայի նպատակը գրքի ընծայման վաղեմի կուլտուրայի վերածնությունն է, դպրոցականների եւ ուսանողների մեջ գրքի հանդեպ սեր սերմանելը:

Քարոզարշավին մասնակցում են «Զանգակ 97» հրատարակչությունը, որը 2000 գիրք է նվիրաբերել, «Բուկինիստ» գրախանութը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Իրանական մշակութային կենտրոնը, Հայաստանի հինգ բուհեր: Քարոզարշավի շրջանակներում Հայաստանի գրողների միությունը 2000 գիրք է նվիրաբերելու զինվորական գրադարաններին, 500 նվիրվելու են ԵՊՀ-ին, որոնցից 300 նախատեսված են ուսանողների համար, 100 գիրք` համալսարանական գրադարանի եւ 100-ը` այսօր բաց «Վերնատուն» ընթերցասրահի համար:

Ակցիան կազմակերպվել է Մշակույթի նախարարության, Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հովհաննես Թումանյանի թանգարանի, Հայաստանի Ազգային գրադարանի, Երեւանի պետական համալսարանի, զանազան հասարակական կազմակերպությունների եւ դպրոցների աջակցությամբ: