ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Նշվում է, որ ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին:
Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել:
Երկրորդը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին:
Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառաումներից ելնելով: Կոմիտեն նաև ընգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին:
Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ։
Իսկ կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր խոսքում նշել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկել է բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։