23 փետրվարի 2009 - 12:02 AMT
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է Իտալիա
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին կմեկնի Իտալիա: Պատվիրակության կազմում են ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի, ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ղեկավարներ, Գյումրիի եւ Գավառի փոխքաղաքապետերը:

Հանդիպման շրջանակներում Ա.Բաղդասարյանը կհանդիպի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ջաննի Լետտայի, ներքին գործերի նախարար Ռոբերտո Մառոնիի, եվրահամայնքային քաղաքականության նախարար Անդրեա Ռոնկիի, պետական կառավարման եւ նորամուծությունների նախարար Ռենատո Բրունետայի, պաշտպանության պետական քարտուղար Ջուզեպպե Կոսիգայի, արտաքին գործերի պետական քարտուղար Ալֆրեդո Մանտիկայի, Սենատի փոխնախագահ Վանինո Կիտիի, Ներկայացուցիչների պալատի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդմոնդո Չիրիելլիի հետ:

Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ քրիստոնեաժողովրդավարական եւ կենտրոնամետ ժողովրդավարական միության առաջնորդ, միջխորհրդարանական միության նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի, ինչպես նաեւ Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-իտալական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ համագործակցության հուշագրերի ստորագրում, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը: