23 փետրվարի 2009 - 16:26 AMT
Սամցխե-Ջավախքի հայերի հանդեպ Թբիլիսին իրեն ավազակաբար է պահում
«Սամցխե-Ջավախքի խնդիրը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններում գոյություն է ունենալու այնքան ժամանակ, մինչեւ որ վերջնականապես լուծում չստանա: Այսօր արդեն մի բան պարզ է. իրադրությունն աստիճանաբար բարդանում է, իսկ Ջավախքի ակտիվիստների վերջին ձերբակալությունները առավել վատթարացնում են իրադրությունը»,- Երեւանում լրագրողներին է հայտնել «Երկիր» հայրենադարձության եւ յուրացման հասարակական կազմակերպությունների միության Խորհրդի ղեկավար Սեւակ Արծրունին: «Միջազգային հանրությունը գիտի, որ Վրաստանում կա ազգային փոքրամասնությունների խնդիր, բայց քանի որ Հայաստանում դրան հարկի ուշադրություն չեն դարձնում, հետեւաբար, միջազգային կառույցներն իրենց չեն ծանրաբեռնում երկրի հակահայկական քաղաքականության կապակցությամբ Վրաստանի վրա որեւէ ճնշում գործադրելով»,- նշել է Արծրունին: Նրա խոսքով, «Երկիր» կազմակերպությունը անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանում չտարածվեն հակավրացական տրամադրություններ:

«Մենք քայլեր չենք ակնկալում Հայաստանի կառավարության կողմից: Մենք միջազգային հանրությունից եւ Վրաստանից պահանջում ենք հարգել շրջանի հայերի իրավունքները»,- ընդգծել է Հասարակական կազմակերպությունների միության Խորհրդի ղեկավարը: «Այսօր Վրաստանն իրեն ավազակաբար է պահում, եւ եթե Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ոչ մի քայլ չձեռնարկի նման պահվածքի դեմ, ապա վրացական իշխանությունները կարող է եւ ակտիվացնեն իրենց ջանքերը»,- ընդգծել է Սեւակ Արծրունին: