23 փետրվարի 2009 - 18:49 AMT
ԵՄ կարող է մոտ 600 մլն եվրո հատկացնել «Արեւելյան գործընկերության» իրականացման համար
«Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացումը շատ կարեւոր է Եմ համար: Այդ մասին, ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների գագաթաժողովին, հայտնել է արտաքին կապերի եւ Եվրոպայի հարեւանության քաղաքականության հարցերով Եմ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: «Արեւելյան գործընկերությունը» շատ արդիական նախաձեռնություն է: Այն պետք է իրագործվի, հատկապես Կովկասի օգոստոսյան դեպքերից եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ գազային ճգնաժամից հետո»,- նշել է ԵՄ հանձնակատարը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Եվրամիության առաջիկա գագաթաժողովին, որը կկայանա մարտի 19-20, ԵՄ անդամ երկրները հավանություն կտան «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը, որի իրագործման համար Եվրոպայի հանձնաժողովը մոտ 600 մլն եվրո է հատկացնելու:

Դեռեւս դեկտեմբերին Եվրահանձնաժողովը որոշեց, որ բացի առաջարկված 250 միլիոն եվրոյից ԵՀ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացման համար կհատկացնի եւս 350 մլն եվրո, հաղորդում է EarthTimes-ը:

Եվրամիության 27 անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 3-ին հավանություն տվեցին Եվրոպական անվտանգության ռազմավարությանն ու «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը: «Արեւելյան գործընկերության» քաղաքականությունը նպատակուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդավիայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ ԵՄ ավելի սերտ համագործակցության հաստատմանը: