6 նոյեմբերի 2020 - 12:57 AMT
Կատալոնական Բերգան ճանաչել է Արցախի անկախությունը

Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է Aqui Bergueda թերթը։

Բերգայի քաղխորհրդի նիստում Բարսելոնայի Հայկական մշակութային ասոցիացիայի առաջարկով ձայների մեծամասնությամբ ընդունվել և ճանաչվել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը:

Բանաձևով նաև դատապարտվում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ՝ Թուրքիայի «ակտիվ ներգրավմամբ»։ Քաղխորհուրդը նաև դատապարտել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության դեմ արգելված կասետային ռումբերի գործածումը, քաղաքների և հուշարձանների հրթիռակոծումը, ինչպես նաև գերիների սպանությունը։

Կատալոնական Ամպոստա քաղաքը ևս ճանաչել է Արցախի անկախությունը։ Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Իտալիայի Պալերմո, Միլան և Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները, նաև Լոմբարդիա տարածաշրջանը։ Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգնել ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8 նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։