7 նոյեմբերի 2020 - 10:49 AMT
Գիշերն ինտենսիվ մարտեր էին Շուշի-Քարին տակ հատվածում, գրոհները կասեցվել են

Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտերը շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում։

Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը` նշելով, որ ստորաբաժանումները կասեցրել են թշնամու հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մարդկային ուժ:

Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում խոցվել է նաև անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ։

Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:

Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Խաղաղ բնակավայրերը շարունակվել են հրթիռահրետակոծվել։

Նշվում է, որ հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: Դրանք կասեցվում են, հակառակորդի խմբավորումների հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։