7 նոյեմբերի 2020 - 15:36 AMT
ՀՀ նախագահ․ ԼՂ-ն և Ադրբեջանը կարող էին զինադադարի համաձայնել, եթե չլիներ Թուրքիան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիան բացարձակապես բացասական դեր ունի, և եթե այդ երկիրը չխառնվեր, ԼՂ-ն և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը բելգիական բելգիական La Libre Belgique պարբերականին հարցազրույցում։

Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանը, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:

Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ԼՂ հակամարտության մեջ ու Ադրբեջանին ռազմական օգնություն է ցույց տալիս՝ մարդուժի, զենքի ու ահաբեկիչների մատակարարման միջոցով։ Ըստ նախագահի՝ այդ երկիրն ամենուր անկայունություն է ստեղծում, սակայն դրա հիմնական թիրախը Եվրոպան է։ Ըստ նախագահի՝ Եվրոպայի սահմանին եղած փախստականներով Թուրքիան առևտուր է փորձելու անել, իսկ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու։

Սարգսյանը նշել է, որ ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով․ վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն:

Նրա խոսքով՝ հակամարտությունը բազմաթիվ կյանքեր է խլել՝ չնայած խաղաղ լուծման ուղի կար՝ մշակված Մինսկի խմբի կողմից, սակայն Ադրբեջանը որոշեց լքել բանակցությունների սեղանը և դիմել ռազմական ուղուն»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։