ԱՄՆ Արևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբին ուղղված նամակում Burger King-ը ներողություն է խնդրել Ադրբեջանում իրենց ներկայացուցչի կողմից արված գրառումների համար, որոնք բացահայտորեն աջակցում էին Ադրբեջանի ցեղասպան նկրտումներին:
Հանձնախումբը Burger King-ի տնօրենների խորհրդին էր հայտնել հայկական համայնքի անհանգստությունն առ այն, որ իրենց ապրանքանիշի պլատֆորմն օգտագործվում է Ադրբեջանի կառավարության կողմից էթնիկական զտումների արշավը խթանելու համար, տեղեկացնում է Հանրային ռադիոն։
Burger King-ի նամակում ասվում է.
«Շնորհակալություն այս հարցին մեր ուշադրությունը հրավիրելու համար: Վստահեցնում ենք, որ Ադրբեջանին հղում կատարող, սոցիալական հարթակներում տեղադրված հաղորդագրությունները համահունչ չեն մեր ապրանքանիշի ուղեցույցներին և չեն արտացոլում Burger King ապրանքանիշի կարծիքները: Մենք հավաստիացել ենք, որ մեր գործընկերը գրառում անելուց կարճ ժամանակ անց հեռացրել է այն, և որ նման բան այլևս չի կրկնվի: Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար և կգործակցենք Ադրբեջանում մեր գործընկերոջ հետ` համոզվելու, որ Burger King ռեստորանները կենտրոնացած են հիանալի համ, բարձրորակ սնունդ ապահովելու վրա, ինչն էլ մեր հյուրերը սպասում են մեզանից»:
Burger King-ն Ադրբեջանին սատարող հրապարակումներ էր տեղադրել Facebook-ում և Instagram-ում։ Դրանցում ասվում էր, թե հաղթանակին «հաշված օրեր են մնացել», որ «հաղթանակն ադրբեջանցի զինվորինն է լինելու»։ Ավելի ուշ հրապարակումները ջնջվել էին։