7 նոյեմբերի 2020 - 16:42 AMT
Մարտունիում իրավիճակը մնում է լարված

Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված, ամբողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:

Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ, Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:, ասել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյան, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։

«Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,-ասել է քաղաքապետը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։