7 նոյեմբերի 2020 - 17:37 AMT
Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր դիմել է Մակրոնին՝ Արցախը ճանաչելու կոչով

Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունում հրաժարվել չեզոքության դիրքորոշումից, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ֆրանսիացի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն։

Նա հրապարակել է նաև նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը, որը ստորագրել է ևս 39 խորհրդարանական։

Ֆրանսիայի ԱԺ-ում 577 պատգամավոր կա։

«Կովկասում տեղի ունեցող այս ողբերգությանն առերեսվելով՝ ես Ֆրանսիային կոչ եմ անում գործել իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրինական վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած՝ անգամ մարդասիրական աջակցությունից, և դա քաջալերում է Ադրբեջանին և Թուրքիային էթնիկ զտում իրականացնել՝ իբրև համառ քաղաքական լուծում»,- նշվում է նամակում։

Մակրոնին ուղղված նամակում պատգամավորը նաև մեջբերել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքերը՝ «ես կույր եմ, բայց գործում եմ, մինչդեռ միջազգային հանրությունը տեսնում է, բայց չի գործում»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։