Պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին («1000 դրամի») պարտադիր ամսական վճարը 1000-ից 3000 դրամ դարձնել։ Իսկ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորներն առաջարկում են ըստ աշխատավարձի չափի տարբերակված մոտեցում սահմանել՝ 1000-ից մինչև 12,000 դրամ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հարցումով դիմել է Պետական եկամուտների կոմիտե և ստացել սեպտեմբեր ամսվա եկամուտ վճարողների կազմն ու կառուցվածքը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում հիմա առկա է 631,966 պոտենցիալ վճարող, իսկ 2021-ին հիմնադրամի բնականոն գործուներությունն ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 22 մլրդ դրամ։
«Կառավարության առաջարկի դեպքում 2021-ի հավաքագրվում է 22.75 մլրդ դրամ, որը բավարար է հիմնադրամի գործունեության համար, իսկ ԲՀԿ-ի առաջարկի դեպքում հավաքագրվում է 13.94 մլրդ դրամ, որը բավարար չէ հիմնադրամի գործունեության համար»,- գրել է նա՝ ամփոփելով ՊԵԿ-ի տրամադրած տվյալները։
ԲՀԿ առաջարկին անդրադարձել է նաև հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Նրա խոսքով՝ իր և այլ գործընկերների փորձագիտական հաշվարկներով Հայաստանում թափանցիկ կերպով իրենց իրական եկամուտները ցույց են տալիս գրանցված աշխատողների մոտ 10%-ը։ Իսկ հարկման տարբերակված կամ պրոգրեսիվ մոտեցումը խրախուսում է եկամուտների թաքցնելը:
«Տարբերակված մոտեցումը հանգեցնելու է խարդախությունների, որի հետևանքով վտանգվելու են Հիմնադրամի մուտքերը, այսինքն մեր բոլորի կոլեկտիվ պատասխանատվությունը մեր զինված ուժերի հանդեպ։ Տարբերակված մոտեցումը նաև ավելացնում է վճարների հավաքագրման վարչարարության ծախսերը, որոնք մենք բոլորս ենք կրում»,- գրել է նա:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։
Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։
Թեև հիմնադրամի հատուցումները ի սկզբանե տարածվում էին 2017-ից եղած դեպքերի վրա, դրա միջոցների աճին զուգահեռ որոշում է կայացվել վճարել նաև 2008-ից 2017 թվականին զոհվածների և զինհաշմանդամ դարձածների ընտանիքներին։