11 նոյեմբերի 2020 - 13:15 AMT
Արդեն 400 խաղաղապահ է բերվել ՀՀ

Ռուսական բանակի քսան Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վայրէջք կատարել Հայաստանում։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ դրանցով Հայաստան է տեղափոխվել 400 զինծառայող, զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ և կապի միջոցներ։

Ղարաբաղում կտեղակայվի 1970 զինծառայող, 90 զրահափոխադրիչ և 380 այլ տեխնիկա: Խաղաղապահ զորքերի կազմում են լինելու ՌԴ ԶՈւ Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները:

Նշվում է, որ կողմերի ստանձնած պայմանավորվածությունների կատարումը վերահսկելու համար նախատեսվում է դիտակետեր ստեղծել Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով:

Երթն իրականացնելու համար տեխնիկան և սպառազինությունն անցել են տեխզննում՝ լեռնային շրջաններում շարժվելու պատրաստականության աստիճանը ստուգելու նպատակով։ Նշվում է, որ երթուղիների համաձայնեցումից հետո ռուս խաղաղապահները երթով կշարժվեն դեպի խաղաղապահ առաջադրանքների կատարման շրջաններ։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Պայմանագրի 5-րդ կետով սահմանվում է, որ ստեղծվելու է կրակի դադարը վերահսկող խաղաղապահական կենտրոն, որի նպատակը հակամարտության կողմերից պայմանավորվածությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելն է։

Նշվում է նաև, որ խաղաղապահական կոնտինգենտը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրս բերմանը զուգահեռ, ԼՂ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ կապող միջանցքով: Դրանք Լեռնային Ղարաբաղում տեղակայվում են 5 տարով, հետագայում 5-ական տարի երկարացման հնարավորությամբ։