25 փետրվարի 2009 - 20:34 AMT
ԱՄՆ կարող է օդակայան բացել Թուրքիայում
ԱՄՆ վարչակազմը կարող է դիմել Թուրքիայի կառավարությանը` Ղրղզստանի մայրաքաղաքի օդանավակայանում օդակայանի փոխարեն սեւծովյան Տրապիզոն քաղաքում ամերիկյան ՌՕՈՒ կայան ստեղծելու թույլտվություն ստանալու համար: Ինչպես գրում է Yeni Safak թուրքական թերթը, ԱՄՆ կդիմի Թուրքիային կայանի բացման թույլտվության համար, եթե այդ հարցում մերժում ստանա Ուզբեկստանից եւ Թաջիկստանից:
«Եթե Ուզբեկստանի եւ Թաջիկստանի տարբերակները չաշխատեն, հերքը կհասնի Թուրքիայի Սեւծովյան ափին կամ Տրապիզոնին»,- գրում է թերթը: Մոտակա օրերին Թուրքիան կարող է այցելել ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական վարչության հրամանատար Դեւիդ Պետրուսը: Ամերիկյան գեներալի այցի նպատակը լինելու է Տրապիզոնում օդակայանի բացման հարցը, ենթադրում է հրատարակությունը:
Թուրքիայում կա Թուրքիայի ՌՕՈՒ Ինջիրլիկ օդակայանը, որն ԱՄՆ վարձակալում է 1954թ. համատեղ պաշտպանության մասին ստորագրած համաձայնագրի հիման վրա: Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ համաձայնագրով Ինջիրլիկում 1980թ.-ից մինչեւ 2003թ. մարտ ամիսը տեղակայվում էր ԱՄՆ ՌՕՈՒ 39-րդ մարտավարական խմբի հրամանատարությունը: Կայանում ժամանակին տեղակայված էին մոտ 100 մարտական ինքնաթիռներ, որոնք Պարսից ծոցի առաջին պատերազմից հետո (1991թ.) օգտագործվում էին «Հետախուզություն հյուսիսից» գործողության իրականացման համար, որպեսզի հսկեին Իրաքի «ոչ թռիչքային գոտիները»: Կայանում տեղակայված են F-16 ռմբակոծող իքնաթիռները, AWACS ավիացիայի հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռներ, լցակայաններ եւ փոխադրողներ:
Փետրվարի 20-ին Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը, ստանալով երկրի խորհրդարանի հավանությունը, օրենք է ստորագրել «Մանաս» միջազգային օդանավակայանից ԱՄՆ օդակայանի դուրսբերման մասին: Օդակայանը ՄԱԿ-ի մանդատով բացվել է Ղրղզստանում 2001թ. դեկտեմբերին Աֆղանստանում հակաահաբեկչական գործողության աջակցման համար: Այնտեղ տեղակայված է մոտ 1,2 հազար ԱՄՆ զինծառայող, ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներ եւ լցակայաններ: