Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ Հայաստան-սփյուռք հարաբերություններում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունից հետո անջրպետ է առաջացել: Այդ մասին նա ասել է «Արմենպրեսին» տված հարցազրույցում։
«Վստահության սարսափելի ճգնաժամ է: Շատ մեծ աշխատանք է պահանջվում, որպեսզի մենք ոչ թե լոզունգների, ճառերի, այլ աշխատանքի միջոցով, բացատրությունների միջոցով, վստահության վերստեղծման միջոցով կարողանանք հետ բերել իրավիճակը մինչ սեպտեմբերի 27-ի մակարդակի»,-ասել է նա։
Սինանյանը հավելել է, որ այժմ քննարկում է, թե ինչ ձևով, ինչ մեթոդով, որ համայնքի հետ որ մոտեցմամբ պետք է փորձել հաղթահարել այս անջրպետը:
«Թերևս, ֆիզիկապես պետք է գնալ ու ներկայանալ մարդկանց, ներկայանալ իրենց դատին, առերեսվել մարդկանց հետ, տեղում խոսել ու բացատրել: Գիտեք, որոշ բացարձակ ճշմարտություններ կան, օրինակ՝ հենց («Հայաստան») հիմնադրամի հետ կապված, որոնց վերաբերյալ չենք կարող հանրայնորեն մարդկանց պատասխաններ տալ, բայց դրանք բոլորին հայտնի են ու պարզապես հիշեցնել է պետք դրանց մասին: Մարդկանց պետք է տեղում բացատրես, պատասխաններ տաս, որովհետև հարցերը շատ են: Շատ ծանր վիճակում են այս պահին Հայաստան-սփյուռք հարաբերությունները»,-ասել է նա։
Սինանյանը նշել է նաև, որ այսօր շատ ավելի ունենք սփյուռքի կարիքը, քան մինչև սեպտեմբերի 27-ը:
«Մեր գոյությունը կախված է մեկս մյուսից. չլինի սփյուռքն ու նրա ներգրավվածությունը հայաստանյան խնդիրներին, ես չեմ պատկերացնում, թե երկարաժամկետ իմաստով մենք ինչպե՞ս կկարողանանք դրանց տակից դուրս գալ, իսկ եթե չլինի Հայաստանը, սփյուռք չի լինելու»,-ասել է նա։
Նոյեմբերի 26-ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ Հեռուստամարաթոնը տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվել է 22,990,898 դոլար: