25 փետրվարի 2009 - 22:14 AMT
Հայ ձյուդոիստներրը կմասնակցեն Վարշավայում կայանալիք Աշխարհի առաջնության երկրորդ փուլին
Հայ ձյուդոիստները կմասնակցեն Աշխարհի առաջնության երկրորդ փուլին, որը տեղի կունենա Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին: Հայաստանի ձյուդոի հավաքականը թիմի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ այսօր գիշերը մկենի Լեհաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արթուր Գեւորգյանը, հայ ձյուդոիստները ելույթ կունենան միայն փետրվարի 28-ին եւ կվերադառնան մարտի 2-ին:

«Սա Աշխարհի առաջնության երկրորդ փուլն է: Իսկ ընդհանրապես ամեն տարի 10 փուլ է անցկացվում: Սակայն մենքն կմասնակցենք նրանցից միայն երեքին, այսինքն Աշխարհի առաջնության եւս մեկ փուլ է մեզ սպասում Անգլիայում սեպտեմբերի 19-20-ը: Իսկ առաջիկա մրցաշարը ապրիլի 23-26-ը Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի առաջնության հերթական նախապատրաստական փուլը կլինի, այն մեզ համար կարեւոր է նաեւ վարկանիշի տեսակետից: Մենք նաեւ կմասնակցենք թիմային մրցաշարին, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 25-29-ը»,-ասել է Գեւորգյանը:

Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 5 ձյուդոիստներ` Հովհաննես Դավթյանը (Եվրոպայի արծաթե մրցանակակիր), Արթուր Սրապյանը` երկուսն էլ 60 կգ քաշային կարգում, Արմեն Նազարյանը` (2003թ. Եվրոպայի չեմպիոն), Համբարձում Տոնոյանը` երկուսն էլ 66 կգ քաշային կարգում, Արտյոմ Բաղդասարյանը` 73 կգ քաշային կարգում: Որպես մրցավարի օգնական հավաքականի հետ Լեհաստան կմեկնի Կարեն Սիմոնյանը:

Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայում, եւս մեկ միջազգային մրցաշար է սպասում ձյուդոյի պատանեկան հավաքականին մարտի 21 եւ 22-ին Ստամբուլում: Նաեւ նախատեսվում է ուսումնամարզական հավաք անցկացնել Երեւանում: