3 դեկտեմբերի 2020 - 19:33 AMT
Զախարովա․ Անհետ կորածների և զոհերի մարմինների վերադարձի հարցերը ՌԴ խաղաղապահների հսկողության տակ են

Անհետ կորած զինծառայողների որոնման և զոհվածների մարմինների փոխանակման հարցերը շատ զգայուն են Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար, այդ հարցերը գտնվում են ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարության հսկողության տակ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է RT-ն:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները որոնողական աշխատանքներ են կատարում ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ, ռուսական կողմը սերտ շփման մեջ է հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ:

Զախարովան հայտնել է, որ ՀՀ և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները հեռախոսազրույցներ են ունեցել, քննարկվել են ռուսական խաղաղապահների աշխատանքը, բնակչությանը մարդասիրական աջակցություն տրամադրելու հարցով հետագա քայլերը, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման միջոցառումները:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ նոյեմբերի 14-ից հետո ԼՂ է վերադարձել 30,000 հոգի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti