26 փետրվարի 2009 - 19:17 AMT
Սիրիայի նախագահը խոստացել է մոտ ժամանակներում այցելել Հայաստան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 26-ին Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Սիրիայի նախագահին է հանձնել Հայաստան այցելելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը: Բաշար Ալ-Ասադն իր հերթին խոստացել է մոտ ապագայում այցելել Հայաստան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-սիրիական հարաբերություններին առնչվող հարցեր եւ դրանց հետագա զարգացման հեռանկարներ: Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի նախագահին ծանոթացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Շոշափվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցեր, հաղորդում է United News Network-ը:-ԱՊ-