8 դեկտեմբերի 2020 - 12:43 AMT
Էջմիածնում ծառայող 34 անհետ կորածի հարազատները կրկին բողոքի ակցիայով զորամասի մոտ են

Անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Էջմիածնի զորամասի դիմաց, որտեղի 34 զինծառայող անհետ կորել է։

Հարազատները հանդիպում են պահանջում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։

Նրանց խոսքով՝ իրենց զավակները եղել են Կովսականում (Զանգելանում), որտեղ հայկական կողմը չի կարողանում մտնել։

«Զորամասը ոչ մի կերպ չի աջակցում մեզ, ամեն անգամ՝ էսօր-վաղը, էսօր-վաղը։ 34 տղերքս չկան էսօր, ես իրանց համար էլ եմ պայքարում։ Մենք չունենք ղեկավարություն, ոչ մեկ չունենք, մենք մենակ ենք, մենք մենակ մեր երեխեքի մասին ենք մտածում։ Թող ամեն մեկիս մի հատ զենք տան, չեն կարողանում, ես հելնեմ զենքը բաժանեմ ժողովրդին, ասեմ՝ գնանք Զանգելանից դիակները հավաքենք, ես կմտնեմ էդ տարածք»,- ասել է զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը։

Դեկտեմբերի 1-ին ծնողները կրկին բողոցի ակցիա էին արել Էջմիածնի զորամասի մոտ, ապա՝ ՊՆ շենքի մոտ։ Նրանց զորամասում հայտնել էին, որ դեկտեմբերի 1-ին և 2-ին որոնողական աշխատանքներ են իրականացվելու Կովսականում, որտեղ նախկինում հասանելիություն չունեին։ Իսկ ՊՆ-ից նրանց խնդրել էին 2 օր ժամանակ տալ և իրարանցում չստեղծել։