9 դեկտեմբերի 2020 - 13:17 AMT
ՄԽ համանախագահները կայցելեն Երևան և Բաքու դեկտեմբերի 12-13-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորել են շաբաթ-կիրակի (դեկտեմբերի 12-13) այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը:

Asbarez-ի փոխանցմամբ՝ Ռիքերն ասել է, որ իրենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցում Թուրքիայի դերակատարությամբ (օտարերկրացի զինյալների և զենքի մատակարարում) և շարունակում է հարցեր ունենալ պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա համաձայնության շուրջ։ Նրա խոսքով՝ այս հարցերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ երկխոսության օրակարգում են։

Ըստ Ռիքերի՝ իրենք մնում են այն դիրքորոշմանը, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և բանակցային գործընթացին նպաստելու համար համանախագահները կայցելեն Բաքու և Երևան։

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։