Ազգային ժողովում քննարկման է դրված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որը սահմանում է հանցագործություն արած անձի հանդեպ համարժեք պատիժը, նրա սոցիալականացումը։ Այն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց։
«Հստակ ամրագրվել է, որ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: Վերանայվել է պատիժների համակարգը, ընդարձակվել է ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների ցանկը»,- նշել է նա քննարկման ժամանակ:
Սահմանվել են պատժի նոր տեսակներ, օրինակ՝ տնային կալանքը, օտարերկրացիներին Հայաստանից վտարելը։ Բադասյանի փոխանցմամբ՝ այս նոր օրենսգրքով նոր պատժատեսակներ են, օրինակ, տնային կալանքը, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելը։
Հնարավոր է էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործում՝ անձի վարքագիծը վերահսկելու համար։ Ըստ Բադասյանի՝ մեղմացնող և ծանրացնող հանգամանքների միաժամանակյա առկայության դեպքում արարքը պետք է մեղմացնող որակվի։
Սահմանվել են անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները: Մասնավորապես, հանցանքը կատարելիս 18 տարին չլրացածները ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել: