Ստեփանակերտի տարածքի և արվարձանների կեսից ավելին մաքրվել է պայթուցիկ առարկաներից։
ԱԻ ծառայության սակրավորական խմբերը Մարտակերտ քաղաքում հայտնաբերել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված ռումբեր։ Դրանք կոչնչացվեն։
«Ականազերծվել է Ստեփանակերտի կեսից ավելին։ Հեկտարներով հստակ չեմ կարող ասել, բայց կեսից ավելին մաքրվել է։ Հիմա աշխատում ենք ծայրամասում»,-ասել է Արցախի Հումանիտար ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նրա` Ստեփանակերտի կենտրոնն ամբողջությամբ վնասազերծված է պայթուցիկներից:
«Մասնավոր հատվածի կեսից ավելին վնասազերծված է։ Այս շրջանը խիտ է բնակեցված, պետք է մաքրել, քանի որ մարդիկ վերադառնում են արդեն»,- ասել է նա։
Նա հույս է հայտնել, որ քաղաքն ամբողջությամբ կհաջողվի ականազերծել մինչև տարեվերջ, որից հետո աշխատանքները կշարունակվեն Մարտունու շրջանում, իսկ հետո՝ Մարտակերտի։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։