9 դեկտեմբերի 2020 - 19:16 AMT
Փաշինյանը` ԱԺ արտահերթի, իր հրաժարականը պահանջող կաթողիկոսների ու ընդդիմության թեկնածուի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայրենիքի փրկություն ազգային շարժմանը և հայտարարել, որ (ընդդիմադիր,- խմբ.) այդ ուժերը ցանկանում են ստեղծել «անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն, ժողովրդին դուրս թողնել գործընթացից»։

Նրա խոսքով՝ հրաժարական պահանջողներն առաջադրում են խամաճիկային վարչապետի թեկնածու, որը չունի լեգիտիմության որևէ աղբյուր, այդ թվում՝ ժողովրդի աջակցությունը և նույնիսկ չունի այդ աջակցությունը ստանալու հեռանկար։

«Եթե նշանակվի այդպիսի վարչապետ, ո՞ւմ է պատկանելու այդ իրավիճակում իշխանությունը, այն ուժերին, որոնք նրան բերել-հասցրել են այդ կարգավիճակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ որպես նոր վարչապետի պաշտոնավարման ժամկետ առաջարկվող մեկ տարում վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները։

«Այդ մարդկանց 90%-ը, կամ, ըստ էության, 100%-ը, ովքեր այսօր հրաժարականը պահանջում են, դրանք էն մարդիկ էին, որոնք 2018-ի հունիսից արդեն հրաժարական էին պահանջում, մի մասը ներքուստ էր պահանջում, մյուս մասը՝ հրապարակային։ Հիմա ուղղակի առիթ է, որ էդ պահանջը բարձրաձայնվի, հիմա դուք ասում եք՝ պատերազմ, բայց եթե հետ նայենք՝ պատերազմից առաջ, կտեսնենք, որ այդ կազմը և ասելիքը չի փոխվել»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետն իր հրաժարականը պահանջողների մասին հարցը բարձրացրած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրել է՝ ինչու նրանք և մյուսները չեն պահանջում խորհրդարանական արտահերթ ընտրություններ։

«Իմ պատասխանը հետևյալն է ժողովրդին պրոցեսից դուրս թողնելու համար։ Ես չեմ ասում՝ 7%-ոց ուժը ոնց կարող է ժողովրդի անունից խոսել, ես ասում եմ` ժողովրդի անունից կարող է խոսել ժողովուրդը։ Ինձ համար տարօրինակ է, որ չի առաջարկվում այնպիսի մեխանիզ, որտեղ ժողովուրդը խոսելու հնարավորություն կունենա»,- ասել է նա։

Մարուքյանը նշել է, որ իրենց կարծիքով՝ անհնարին կամ դժվար է հիմա կազմակերպել ընտրություններ՝ բազմաթիվ զինված խմբերի առկայության պատճատով, այդ թվում՝ Փաշինյանին աջակցող։ Նրա խոսքով՝ ընտրությունների իրականացումն իրենց պահանջն է, բայց միայն զինված խմբերը զինաթափելուց հետո, սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանի իշխանությունը չունի այդ կարողությունը։

Փաշինյանը հայտարարել է, որ զինված խմբերը կզինաթափվեն, արդեն զինաթափվում են։ Նրա խոսքով՝ կսկսեն լրջորեն խոսել արտահերթ ընտրությունների մասին, երբ պարզվի և արձանագրվի, որ քաղաքական որևէ խմբակ կամ ուժ չունի որևէ ռեսուրս ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրելու։

Վարչապետը նշել է, որ որևէ խնդիր չի տեսնում եկեղեցու ներկայացուցիչների կողմից իր հրաժարականը պահանջելու հարցում․ «Իրենց տեսակետն են հայտնել: Դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս հայրապետերը (Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն,- խմբ.), ունեն իրենց դիրքորոոշումն արատահայտելու անքակտելի իրավունք»։

Նա իր հրաժարականը պահանջող ուժերին անվանել է «ժողովրդի հետ կապ չունեցող սուբյեկտներ», իրենց իշխանություն տալ պահանջողները չունեն դրա լեգիտիմ իրավունքը։

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը սպիտակ թուղթ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարականը դրա վրա գրելու համար։

Դեկտեմբերի 3-ին հայտարարվել էր, որ Հայաստանի նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը Հայաստանի ընդդիմադիր դաշտի 17 կուսակցության վարչապետի միասնական թեկնածուն է։

17 կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենց միասնական թեկնածուն կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին անձամբ չմասնակցել և չհավակնել վարչապետի պաշտոնին: