10 դեկտեմբերի 2020 - 11:03 AMT
ՄԻՊ․ Ադբեջանցիները հայ գերիների էջերով արցախցիների հանդեպ ներքին թշնամանք են հրահրել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ադրբեջանցիների կողմից հայ գերիների օգտահաշիվներին տիրանալու վերաբերյալ նոր ապացույցներ ունի, այդ հաշիվներն օգտագործվել են արցախցիների հանդեպ ներքին թշնամանք տարածելու համար, հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա նշել է, որ ձեռք բերված բոլոր ապացույցներն անհրաժեշտ իրավական ձևակերպումներով կուղարկվեն միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:

«Կից նյութերում առկա տեքստի տառացի մեջբերումն է. «հենց թուրքերը հարձակվում են Արցախի վրա էս ղարաբաղցիք էլ հարձակվում են Երևանի վրա»: Տեքստի մյուս մասը պարունակում է քաղաքական բովանդակություն ունեցող թշնամանք, ուստի այն չեմ հրապարակում հասկանալի պատճառներով: Ակնհայտ է, որ հայաստանցի-արցախցի արհեստական թեմայի շահարկումը, այդ հիմքով ատելություն հրահրելը նպատակ ունի առաջացնել լարվածություն մեր հասարակությունում՝ վտանգելով մեր համերաշխությունն ու համախմբվածությունը»,-հայտարարել է ՄԻՊ-ը։

Թաթոյանը նշել է, որ այս փուլի ապացույցները վերաբերում են պատերազմական գործողությունների ժամանակաշրջանին, սակայն խնդրել է զգուշանալ սոցցանցերից օգտվելիս ու չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից` ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։