Արցախում ևս եռօրյա սուգ կհայտարարվի՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախում և ՀՀ-ում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը:
Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում և հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»,- նշել է նա:
Ավելի վաղ ՀՀ-ում եռօրյա սուգ հայտարարելու մասին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ չնայած ոչ բոլոր անհետ կորածներն են դեռ հայտնաբերվել ու ոչ բոլոր դիերն են իդենտիֆիկացվել, այս որոշումն այլևս չի կարող հետաձգվել։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։