Շուշիի շրջանի Հին Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել, այնտեղ կան նաև կանայք ու երեխաներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ազատություն» ռ/կ լրագրող Արտակ Համբարձումյանը։
«Գյուղը միշտ եղել է հայկական, նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական վերահսկողության ներքո, հայտարարությամբ հանձնվող շրջանների մեջ չի մտնում, ռուս խաղաղապահների քարտեզներով էլ ի սկզբանե իրենց վերահսկողության գոտու մեջ էր նշվում»,- գրում է նա ֆեյսբուքյան էջում։
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։
Դեկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: