Քաղաքացիները հիշատակի երթ են պատրաստվում իրականացնել դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհվածների հիշատակին, փոխանցում է Para Tv-ն։
Երևանում պարբերաբար ակցիաներ են իրականացվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դեկտեմբերի 18-ի երթը հայտարարվել է, որ ապաքաղաքական է։
Հիշատակի երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, հրապարակում այս պահին հավաքված են հարյուրավոր քաղաքացիներ։
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում հայտարարվելու է եռօրյա սուգ։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ Արցախյան պատերազմում նահատակների հիշատակի երթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին` ժամը 13.00-ին։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։