Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը կոչ է արել հայկական կողմին «պահպանել հրդադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում»՝ անդրադառնալով Հադրութում իբր տեղի ունեցած փոխհրաձգությանը, որի մասին հայտնել էին ադրբեջանական աղբյուրները, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն կտրականապես հերքել են որևէ կիրակոցի կամ միջադեպի առկայությունը։ Տող գյուղն ամբողջությամբ ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ է։ ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ Արցախում գտնվող կողմերի հաշտեցման կենտրոնը ստուգումը է Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ հրազենի հնարավոր կիրառման մասին տեղեկությունը։
Աքսոյը հայտարարել է․ «Զենքը վայր դնելուց հրաժարված հայկական խմբավորումների հարձակումներն Ադրբեջանի ԶՈւ դեմ Լեռնային Ղարաբաղում խախտում են հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության դրույթները։ Նոյեմբերի 26-ին, դեկտեմբերի 8-ին, 11-ին և 27-ին հայկական զինված խմբավորումների հարձակումների հետևանքով ադրբեջանցի զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր»։
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրադադարի պահպանման հիմնական պատասխանատուն Հայաստանն է, որը ստորագրել է եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանական կողմը, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, պատասխանել է՝ օգտվելով ինքնապաշտպանության իրավունքից։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։