Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է հանդիպի Ազգային ժողովի 3 խմբակցության ղեկավարներին, հայտնել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Նա մեկնաբանել է մամուլում տարածված տեղեկությունները Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին։ Ավելի վաղ նաև լուր էր տարածվել, թե վարչապետը նախ հանդիպելու է ԲՀԿ պատգամավորներին։
«Անկեղծ ասած, չգիտեմ հստակ վերջնական տեղեկությունը: Ես, որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում։ Բայց առայժմ արարողակարգից որևէ ժամի մասին ինձ չեն տեղեկացրել։ Առայժմ ես ինքս որևէ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»,- ասել է Մակունցը։
Խմբակցության ղեկավարը նշել է, որ հանդիպումների հիմնական առանցքը լինելու է արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ քննարկումը:
Վարչապետ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել էր 2021-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել, այդ նպատակով նա խորհրդակցությունների էր հրավիրել խմբակցություններին։