Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից վերադարձած 4 քաղաքացուն, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ»,-նշել է նա։
Հունվարի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 4 հայ գերի վերադարձել են Հայաստան: ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ տեղեկացրել էր, որ Հայաստանը երկու գերի է վերադարձրել Ադրբեջանին։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։