Ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկել դեկտեմբերի 28-ին առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունված մի շարք օրինագծեր: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված բոլոր նախագծերը՝ սպառելով նստաշրջանի օրակարգը։
Մասնավորապես, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծը, որով Կառավարությունը նախատեսում է ավելացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը: Նախագծով առաջարկվում է 1000 դրամ բոլորի համար հավասարաչափ վճարի փոխարեն, համաձայն եկամտի չափի՝ սահմանել դրոշմանիշային վճարի պրոգրեսիվ սանդղակ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաև «Ծխախոտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է մեկ տարով հետաձգել օրենքների այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Հետաձգվող դրույթները վերաբերում են ծխախոտի և դրա փոխարինիչների՝ վաճառակետերում ցուցադրության սահմանափակումներին, փաթեթավորմանն ու մակնշմանը:
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր նախադասությամբ, ըստ որի՝ «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվելու է սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով անհետ կորած համարվողների վրա։
Քննարկվել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերով ներմուծվող ապրանքներն ազատել պետական տուրքից: Ինչպես այս, այնպես է նախորդ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխության չէր ենթարկվել:
Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծով էլ առաջարկվում է սահմանել, որ պետպաշտոնյաների բազային աշխատավարձի չափը 2021 թվականի համար չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 70%-ը: