6 հունվարի 2021 - 16:48 AMT
WarGonzo. Ադրբեջանն ամրացված դիրքեր է կառուցում Քարին տակի ելքի մոտ

Շուշիին հարակից Քարին տակ գյուղի ելքի մոտ գտնվող խաչմերուկում Ադրբեջանի զինված ուժերը սկսել են ամրացված դիրքերի կառուցել, փոխանցում է WarGonzo Telegram-ալիքը:

Ալիքի աղբյուրները նաև այդ հատվածից լուսանկար են հրապարակել։

Բացի այդ, ալիքի Ստեփանակերտի աղբյուրները հայտնել են, որ մի քանի օր առաջ Կարմիր շուկայի ճանապարհով Շուշի է մտել շինարարական տեխնիկայի մեծ շարասյուն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։