Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման հայկական կողմի առաջնահերթություններն են գերիների վերադարձն ու տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ պետք է լիարժեք իրագործվի հայտարարության 8-րդ կետը՝ տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում:
Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն:
«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան»,-գրել է նա։
Նրա խոսքով՝ քննարկման առանձին թեմա է Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը, որի արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը:
Հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Նախիջևանի միջանցքի բացման ուղղությամբ կոնկրետ աշխատանք է տարվում ու նշել, որ ՌԴ-ն, ինչպես նաև Թուրքիան, ՀՀ-ն ու Իրանը, կկարողանան օգտվել տրանսպորտային նոր միջանցքից։ Ավելի ուշ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Նախիջևանի հետ, սակայն այդ հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում։