Ադրբեջանում արտոնություններ կտան Ղարաբաղ վերադարձողներին, հայտարարել է երկրի Փախստականների և տեղահանվածների պետկոմիտեի փոխնախագահ Ֆուադ Հուսեյնովը՝ նշելով, որ Ադրբեջանում համակարգող շտաբ են ստեղծել Բաքվի հսկողության տակ անցած տարածքներում աշխատանքների իրականացման համար։
Նա հավելել է, որ այդ կենտրոնում 16 աշխատանքային խումբ կա, որոնք աշխատելու են Գործողությունների ռազմավարական պլանի հիման վրա։
«Միջոցառումների պլանում նշված կլինի, թե ինչ արտոնություններ են տրամադրվելու այդ տարածքներ վերադարձող վերաբնակներին»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը։
Հուսեյնովն ասել է, որ նախապատվությունը տրվելու է Ղարաբաղում ծնվածներին, փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակ ունեցողներին։
«Հետագայում, վերաբնակեցման ավարտից հետո երկրի յուրաքանչյուր քաղաքացի այդ տարածքներում հող ձեռք բերելու իրավունք կստանա»,-ասել է նա։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։