Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցին:
«Արձանագրությունը հնարավորություն է տալիս երեխայի իրավունքների կոմիտեին` երեխաներից ստանալ հաղորդագրություններ, որոնք վերաբերում են իր իրավունքների մասին կոնվենցիայով, ինչպես նաև դրա երկու կամընտիր արձանագրություններով, մասնավորապես, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրություններով երաշխավորված իրավունքների ապահովմանը»,- ասել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ արձանագրության վավերացմամբ Հայաստանը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության տակ գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:
Հայաստանը «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը ստորագրել էր 2019-ին: